Ֆրանսիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը, երբ 1936 թվականին դարձավ կոմունիստ և հնչեցրեց «Կյանքս կտամ կոմունիզմի հաղթանակի համար» արտահայտությունը, չէր պատկերացնում, թե ինչպիսի հիասթափություն է ապրելու ԽՍՀՄ կատարած այցելությունից հետո, որն էլ ծնունդ է տալու նրա՝ «Վերադարձ ԽՍՀՄ-ից» ստեղծագործությանը: Անդրե Ժիդն, իհարկե, իր գործունեության ընթացքում քանիցս հանդես է եկել հանձնառու գրողի դիրքերից: Նա Բեռլինում Անդրե Մալրոյի հետ դիմել է Երրորդ Ռեյխի ղեկավարներին, որպեսզի նրանք ազատեն Գեորգի Դիմիտրովին և մյուս կոմունիստներին: Անդրե Ժիդը, ճանապարհորդելով Հյուսիսային Աֆրիկայում, հանդես է եկել գաղութատիրության դեմ: Երևի վառ երևակայություն էր պետք՝ պատկերացնելու համար, որ կոմունիզմի համար կյանքը տվող գրողը, ԽՍՀՄ-ում ճանապարհորդությունից վերադառնալուց հետո, կարող է գրել այսպիսի տողեր. «Այն, ինչ կամենում և պարտադրում են, ԽՍՀՄ-ում կատարվող ամեն ինչին հավանություն տալն է, այն, ինչի ուզում են հասնել, այն է, որ հավանությունը չլինի ստիպողական, այլ՝ անկեղծ, նույնիսկ խանդավառ: Եվ ես կարծում եմ, որ աշխարհի ոչ մի այլ երկրում, նույնիսկ Հիտլերյան Գերմանիայում, հնարավոր չէ պատկերացնել ավեի կաշկանդված, ճնշված, սարսափած ու ստրկացված ոգի»: Անդրե Ժիդը մանրամասն ուսումնասիրել էր, ծանոթացել խորհրդային իրականությանը, և նրա հիասթափությունը, հայացքների վերանայումը բխում էին դաժան իրականությանը բախվելուց:
Հայաստանում խորհրդային իշխանության տարիներն ու հետխորհրդային իրականությունը համեմատելու հնարավորություն ունեցող մտավորականությունը, ցավոք, այդպես էլ դուրս չեկավ մտածողության կարծրատիպերից: Այսօր էլ «առանց Ռուսաստանի և առանց ռուսների օժանդակության» կարգախոսով անկախ Հայաստանի գոյությունը կասկածի ենթարկող մտավորականների, գրողների պակաս մեր երկրում չի զգացվում: Նրանք կազմում են նոմենկլատուրային մտավորականությունը և անկախության տարիներին քիչ հնարավորություններ չեն ունեցել ճանապարհորդելու, ծանոթանալու աշխարհի առաջադեմ ու բարեկեցիկ երկրներին: Չնայած դրան՝ այդ մարդիկ մտքի ծուլության, թե բոլորովին այլ պատճառներով չեն փորձել վերանայելու և վերաիմաստավորելու իրենց՝ խորհրդային իրականության մեջ ձևավորված պատկերացումները: Եվ ոչ միայն չեն փորձում ձերբազատվել խորհրդային տարիների կարոտախտից, այլև՝ սեփական երկրի հեռանկարների մասին իրենց «պրագմատիկ» պատկերացումները փորձում են հանրայնացնել, դրանք ներկայացնել որպես մեծամասնության կարծիք: Սրանից էլ բխում են սոցհարցումները, որոնք հանրային շրջանակներում գրեթե հավատ չեն ներշնչում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ